Եղել են խցեր, որ մեկ մահճակալի վրա մեկից ավելի անձ է քնել՝ հերթով, հիմա այդ հարցը լուծվել է․ Զեյնալյանը՝ Մարգարիտ Եսայանին
Համաներումն իրականացվում է որպես մարդասիրական քայլ, ոչ թե քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելուն միտված որոշում։ Համաներման մասին նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտարարեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։
Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն այս կապակցությամբ նրան հարցրեց, թե երբվանի՞ց է, որ քրեակատարողական հիմնարկները բեռնաթափման կարիք չունեն, և ինչի՞ արդյունք է դա։
«Սա մեր իշխանությունների, Հայաստանի իշխանությունների, կառավարության քաղաքականության արդյունքն է։ Մեծ թվով անձինք պայմանական վաղաժամկետ ազատվել են։ Այս ինստիտուտը գործում է … պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացված անձանցից մեկ երրորդն ազատ է արձակվում դատարանների կողմից … նախկինի նման այդքան շատ չեն նշանակվում կալանքները», – նշեց Զեյնալյանը։
«Այնուամենայնիվ, լիքն էին կալանավայրերը։ Էդ միանգամից քանի՞ հազար հոգու բաց թողեցիք, որ հանկարծ կալանավայրերում այլևս տեղերն ազատվել են։ Ժամկետներ էի ուզում նշեք, դա ե՞րբ եղավ։ Երբվանի՞ց բացեցիք կալանավայրերի դռները, որ այդքան շատ տեղեր ազատվեցին», – արձագանքեց Մարգարիտ Եսայանը։
«Կալանավայրերի դռները բաց չենք արել։ Այդ ամբողջն իրականացվել է օրինականության շրջանակներում։ Երբ ես ստանձնել եմ արդարադատության նախարարի պաշտոնը, մեկ-երկու քրեակատարողական հիմնարկում եղել են խցեր, որտեղ մի մահճակալի վրա մեկից ավելի անձ է քնել՝ հերթով։ Իմ պաշտոնավարման, այս կառավարության պաշտոնավարման ժամանակ այդ խնդիրը լուծվել է՝ վերաբաշխումների միջոցով, պայմանական վաղաժամկետ ազատումների ինստիտուտի շնորհիվ, նաև խափանման միջոցներ են փոխվել», – պատասխանեց Զեյնալյանը։