ՎՏԲ-ի և «Վալլեքսի» միջև քննարկումներ են ընթանում. մեծ հույս ունեմ, որ Ալավերդու պղնձաձուլարանի խնդրի լուծումը գտնվելու է. Վ. Սիսեռյան
ՎՏԲ-ի և «Վալլեքսի» միջև քննարկումներ են ընթանում. մեծ հույս ունեմ, որ Ալավերդու պղնձաձուլարանի խնդրի լուծումը գտնվելու է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:
«Հիմա այն փուլում ենք, որ ՎՏԲ-ն ոչ պաշտոնական, բայց առաջարկներ ստացել է «Վալլեքսից»՝ պարոն Մեջլումյանից: Այժմ քննարկումներ են ընթանում նրանց միջև: Ես մեծ հույս ունեմ, որ լուծում գտնվելու է, վերջը հեռու չէ»,- նշեց Վ. Սիսեռյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ալավերդու պղնձաձուլական գործարանի սեփականատեր Վալերի Մեջլումյանի հետ մի քանի հանդիպում է ունեցել:
Կառավարությունը որպես միջնորդ է հանդես գալիս՝ փորձելով կողմերին բանակցային դաշտ բերել. «Կառավարությունը չի կարող պարտադրել կողմերին, ուղղակի 630 աշխատողի հարց է, սոցիալական խնդիր կա»,- ասաց նա:
Վարագ Սիսեռյանի տեղեկացմամբ՝ Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանքը դադարեցված է, բայց այնտեղ այժմ կատարվում են որոշ վերանորոգման աշխատանքներ: Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը նաև հայտնեց, որ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանի հետ հոկտեմբերի 31-ին մեկնելու է Ալավերդի՝ աշխատակիցների հետ հանդիպելու համար: