Ես հավատում եմ, որ նոր կառավարությունը քաջատեղյակ է և գնահատում է ԵՄ-ի հետ իր համագործակցությունը. Պյոտր Սվիտալսկի
Ես հավատում եմ, որ նոր կառավարությունը քաջատեղյակ է և գնահատում է Եվրամիության հետ իր համագործակցությունը: Լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ կառավարությունն օգտագործում է ԵՄ-ի հետ համագործակցության ամբողջ պոտենցիալը, այսպես պատասխանեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Եվ ես վստահ եմ, որ նրանց առաջանահերթային նպատակներից մեկը պետք է լինի էլ ավելի արդյունավետ և հայ ժողովրդի համար ավելի շահեկան համագործակցությունը մեզ հետ: Մենք լիովին համաձայն ենք այդ մոտեցման հետ, և փորձում ենք ավելի օգտակար դարձնել մեր համագործակցությունը»,- ասաց նա:
ԵՄ դեսպանը, սակայն, նկատեց, ԵՄ-ի հետ համագործակցությունը ոչ միայն փողի, ֆինանսների մասին է, այլ նաև՝ բիզնեսի զարգացման համար խթաններ առաջարկելու:
«ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի՝ ՀՀ-ի կողմից կիրառվելը կծառայի որպես այս ճանապարհի հիմք: Ես հավատում եմ, որ նոր կառավարությունը քաջատեղյակ է այս հնարավորությունից»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ չնայած Հայաստանը պատրաստվում է արտահերթ ընտրություններին, սակայն իրենք շատ զբաղված են: «Շարունակում ենք մեր աշխատանքները նոր կառավարության հետ: Եվ ես վստահ եմ, որ Դուք շատ շուտով կտեսնեք նոր պայմանգրերի արդյունքները՝ նոր ֆինանսական պայմանագրեր, նոր համաձայնագրեր»,- ասաց նա:
ԵՄ դեսպանը նաև նշեց, որ իրենք առաջարկում են կառավարությանը շարունակել վերանայել նախկինում քննարկված ծրագրերը։ «Ես հասկանում եմ, որ ամառվա հուլիս-օգոստոս ամիսներին կառավարությունը շատ զբաղված էր: Կարող եմ ասել, որ 2018 թվականի գործողությունների ծրագիրը արտացոլում է նախորդ տարվանը:
Նոր թիմը որոշակի նոր փոփոխություններ ներմուծեց, որոնք մեզ համար ընդունելի են: Մենք բավարարված ենք, քանի որ նոր Կառավարությունը ցուցաբերեց ճկունություն և պրագմատիզմ»,- ասաց նա՝ հավելելով, որ կառավարության հետ երկխոսություններ կան նաև 2019 թվականի գործողությունների վերաբերյալ:
Պյոտր Սվիտալսկիի խոսքով՝ նոր կառավարությունը ԵՄ-ի հետ տնտեսական ծրագրեր իրականացնելու գործընթացում առաջնահերթությունները սահմանելու համար բավականին ընդարձակ մանյովրների սահմաններ էր գծել:
«Մենք նաև առաջարկեցին ՀՀ կառավարությանը վերանայել բյուջետային ծրագրերը: Սա, իհարկե, աննախադեպ էր, որովհետև մենք սովորաբար չենք դիմում նոր կառավարություններին նման գործողությունների համար, բայց մենք նաև հասկանում ենք, թե ինչ փոփոխություններ են եղել Հայաստանում: Ստացել ենք նոր փաստաթղթեր կառավարության կողմից տարբեր ոլորտների զարգացման վերաբերյալ, մենք գոհ ենք դրանցից: Կարող եմ ասել, որ առաջին հայացքից լավ տպավորություն ենք ստացել այդ առաջարկներից, և իրենց պահանջները կընդունվեն մեր կողմից: Ես հավատում եմ, որ մեր համագործակցության համար լավ քայլ ենք անում, որը կարևոր է: Այս լավ տեմպը շատ կարևոր է, որովհետև ՀՀ տնտեսության համար ուշացումները կարող են բացասական ազդեցություն ունենալ»,- ասաց նա:
ԵՄ դեսպանի խոսքով՝այս պահին իրենք սպասում են, որ ՀՀ կառավարությունը հանձնի ճանապարհային քարտեզ, որը վերաբերում է Եվրամիության հետ կնքած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործմանը: «Կարող եմ ասել, որ երկու կողմից էլ մեր ընդհանուր կոնտակտները կոնստրուկտիվ են»,- ասաց նա: