Կին դատապարտյալներին ավարտական վկայականներ են հանձնել
Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան աջակցությամբ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության՝ ««Աբովյան» ՔԿՀ. Վերականգնման արդյունավետություն և թափանցիկության մշակույթի հիմնում» խորագրով ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ են այցելել վերոնշյալ ՀԿ ներկայացուցիչները և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Մայքլ Շուլմանը: Այս մասին հաղորդում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից: Այցի հիմնական նպատակը 3 ամիս տևողությամբ համակարգչային դասընթացների ավարտական վկայականների հանձնումն էր կին դատապարտյալներին:
Հյուրերին նախ ընդունել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանը՝ կարևորելով նամանատիպ ծրագրերի նշանակությունը դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու գործում:
Այնուհետ հիմնարկի պետի ուղեկցությամբ հյուրերը շրջել են մասնագիտական ուսուցման համար նախատեսված սենյակներում՝ վարսահարդարման, անգլերենի, հելունագործության, որտեղ նախատեսվում է անցկացնել նաև գորգագործության դասընթացներ: Համակարգչային դասընթացների համար առանձնացված սենյակում 8 կին դատապարտյալների հանձնել են ավարտական վկայականներ: 3 ամիս տևողությամբ համակարգչային դասընթացների ժամանակ կին դատապարտյալները ձեռք են բերել ոչ միայն համակարգչային հմտություններ, այլ նաև իրենց գիտելիքները գործնականում կիրառելու համար կատարել են գրքերի թվայնացման աշխատանքներ: Ավարտական վկայականների հանձնումից հետո հյուրերն այցելել են մարզասրահ, որտեղ անցկացվում են յոգայի և ֆիթնեսի դասընթացներ: Հիմնարկի պետը նշել է հատկապես յոգայի բարենպաստ ազդեցությունը դատապարտյալների հոգեկան և ֆիզիկական առողջության վրա: Եղել են նաև ճաշարանում, որտեղ անցկացվում են խոհարարական դասընթացներ, որոնց ավարտից հետո ևս դատապարտյալները կստանան խոհարարի օգնականի վկայագիր: Այս ծրագրի շրջանակներում վերանորոգվել և ամբողջությամբ կահավորվել է խոհանոցը:
Մասնագիտական ուսուցման գործընթացում ներգրավված կին դատապարտյալներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնել դասընթացների անցկացման համար՝ հույս ուենալով, որ դրանք կլինեն շարունակական և քրեակատարողական հիմնարկում ձեռքբերված գիտելիքները կօգնեն իրենց ազատության մեջ հասարակության լիարժեք անդամ զգալու և աշխատանք գտնելու հարցում: