Հրթիռային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը լուրջ հետևանքներ կունենա Եվրոպայի համար. Շոյգու
Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը լուրջ հետևանքներ կունենա առաջին հերթին Եվրոպայի համար, անհրաժեշտ է դրա լայն քննարկումը ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի շրջանակներում։ Այս մասին Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Մեզ հետաքրքրում է ՄՓՀՀՊ-ից դուրս գալու ԱՄՆ-ի որոշմանը Եվրոպայի արձագանքը։ Եվ կուզեինք, որ Եվրոպան իմանար և հասկանար իր տարածքում միջին հեռահարության հրթիռների տեղակայման հետևանքները»,- ասել է Շոյգուն։
«Ինչ վերաբերում է միջին և փոքր հեռահարության հրթիռներին, ինչպես մեզ թվում է, ոչ բոլորն են Եվրոպայում հասկանում, որ այդ որոշումը լուրջ հետևանքներ կունենա, այդ թվում՝ Եվրոպայի համար, իսկ ավելի ճիշտ՝ Եվրոպայի համար առաջին հերթին։ Եվ մեզ թվում է, որ շատ ճիշտ կլիներ այդ որոշման առավել լայն քննարկումը ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի շրջանակներում»,- ընդգծել է ՌԴ նախարարը։