Եթե Կամո Արեյանը համաձայնի խորհրդականի պաշտոնը ստանձնել, այդ օգնությունը կցանկանամ. Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Նա տեղեկացրել է, որ այս պահին ունի մեկ խորհրդական, որն աշխատում էր հասարակական հիմունքներով, սակայն արդեն իսկ ընդունվեց աշխատանքի: Ինչ վերաբերում է խորհրդականներին, Մարությանը նշեց, որ ինքը պետք է որոշում կայացնի և արդեն կներկայացնի` ովքեր են լինելու:
Լրագրողները հետաքրքրվեցին` համաձա՞յն է նիստում հնչեցված մտքի հետ, որ խորհրդականների թիվն ուռճացված է: Քաղաքապետը նշեց, որ այդ նույն հարցը ինքն է տվել ֆինանսիստներին:
«Մենք պետք է, այնուամենայնիվ, օպտիմալացնենք քաղաքապետարանի աշխատանքները, դա նաև հաստիքացուցակների վրա է ազդելու, փոփոխություն է լինելու: Մենք կարող ենք այս պահին ընդունել հաստիքացուցակը` ոնց կա, ինտենսիվ աշխատել այդ օպտիմալացման ուղղությամբ: Նախորդ հաստիքացուցակով ավելի մեծ էր խորհրդականների թիվը: Ես կարող եմ ունենալ երկու կամ երեք խորհրդական, մյուսների գումարը դուրս չի գալու քաղաքապետարանի բյուջեից, այդ գումարները տնտեսվելու են»,- ասաց նա:
Լրագրողը դիմելով քաղաքապետին, նշեց.
«Դուք Վահե Նիկոյանի պրոֆեսիոնալիզմից խոսեցիք, բայց, միևնույն ժամանակ, հրաժարվում եք նրանից: Ո՞րն է խնդիրը»:
Հարցին` համագործակցության առաջարկով դիմե՞լ է Նիկոյանին, Մարությանը նշեց.
«Իմ առաջարկը իրեն եղել է շարունակել պաշտոնավարումը որպես խորհրդական, նա հրաժարվել է, բայց, միևնույն ժամանակ, ասել է, որ պատրաստ է, ինչքան որ պետք է, օժանդակել մեզ ինֆորմացիայի փոխանցման հարցում»:
Լրագրողները հետաքրքրվեցին` Երևանի նախկին փոխքաղաքապետ Կամո Արեյանի հետ աշխատելո՞ւ են, համագործակցության առաջարկ արվե՞ՙլ է նրան, ինչին քաղաքապետը պատասխանեց.
«Թե՛ Կամո Արեյանի, թե՛ Վահե Նիկոյանի պրոֆեսիոնալիզմը և ինստիտուցիոնալ հիշողությունը շատ կարևորում եմ: Կամո Արեյանի հետ զրույց կունենանք, եթե նա համաձայնի խորհրդականի պաշտոնը ստանձնել, այս օգնությունը ես կուզեմ, որ լինի, եթե ոչ, ապա նա նույնպես իր գիտելիքները, քաղաքի հետ կապված ողջ ինֆորմացիան պետք է փոխանցի այն մարդուն, ով իրեն փոխարինելու է»:
Լրագրողի հարցին` նույն Վահե Նիկոյանի և Կամո Արեյանի հետ համագործակցությունը կշարունակվե՞ր, եթե նրանք նախկին իշխանության ներկայացուցիչները չլինեին, Մարությանը պատասխանեց.
«Այդտեղ շատ հարցեր կան, քաղաքական թիմը փոխվել է, պետք է փոփոխություն լինի: Ես պետք է ունենամ նաև մարդիկ, իմ փոխքաղաղաքապետները, որոնք, այսպես ասեմ, մեր գիծը տանելու են առաջ»: