Բա ինձ խի՞ չես զանգել․ Քեզ հետաքրքրում են միայն նրանք, ովքեր կարող են կողմ քվեարկե՞լ Ընտրական օրենսգրքին․ Աշոտյանը՝ Միրզոյանին
Գործադրվել են բոլոր լծակները այսօր խորհրդարանում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քվեարկության ընթացքում ձայներ ապահովելու համար։ Այս մասին ԱԺ ամբիոնից իր կարծիքը հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ ակնարկելով, որ գործադրվել է նաև ճնշում։
«Առաջին փոխվարչապետն ասում է՝ ճնշում չեմ գործադրել, տենց զանգել եմ՝ տենամ ոնց են։ Հարգելի՛ պարոն Միրզոյան, բա ինձ խի՞ չես զանգել, տեսնես ոնց եմ։ Բազմաթիվ այլ ընկերների խի՞ չես զանգել։ Մի անգամ SMS ես ուղարկել ապրիլին, այսպես կոչված՝ հեղափոխության օրերին, տեսել ես, որ չի կպնում (կներես արտահայտությանս համար, Արարատ ջան), տեսել ես, որ չի ստացվում, էլ իմ ողջությունը քեզ չի հետաքրքրո՞ւմ։ Այսինքն՝ քեզ հետաքրքրում է միայն այն մարդկանց ողջությունը, ով կարող է պոտենցիալ կողմ քվեարկե՞լ այս Ընտրական օրենսգրքին»,- նշեց Աշոտյանը։
Նրա խոսքերով՝ այս օրենսգրքի քննարկումը շարունակում է լինել հոկտեմբերի 2-ի իրադարձությունների շարունակությունը՝ Ազգային ժողովը պաշարված է գործադիր իշխանության կողմից։ Պատգամավորը պնդում է, որ խորհրդարանում ստոկհոլմյան ախտանիշ չի ձևավորվելու, և պատանդ լինելով՝ խորհրդարանը չի կարեկցելու կառավարությանը։