Բրազիլիայի նախագահի թեկնածու Բոլսոնարուի կողմնակիցները առանց սպասելու քվեարկության ավարտին տոնում են նրա հաղթանակը
Բրազիլիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը թեև դեռևս չի ավարտվել, սակայն հավակնորդ համարվող Ժայիր Բոլսոնարուի կողմնակիցներն արդեն պատրաստվում են հաղթանակը տոնել:
Тасс-ի փոխանցմամբ՝ վերջին օրերին Ռիո դե Ժանեյրոյում գտնվող նրա տան մոտ անընդհատ հերթապահում էին նրա դիմանկարով վերնաշապիկներ ունեցող մի խումբ տեղացիներ:
Կիրակի նրանց թիվը կտրուկ աճել է: Երեկ երեկոյան հասարակական կարծիքն ուսումնասիրող 3 հարցումները հաստատել են, որ նա հաջորդ նախագահ դառնալու մեծ հնարավորություններ ունի:
Հիշեցնենք, որ բրազիլացի ընտրողները պետք է կողմնորոշվեն, թե հոկտեմբերի 7-ին կայացած առաջին փուլի արդյունքով առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուից ում են ընտրելու: Առավելագույն ձայներ էին ստացել աջակենտրոն ուժերի ներկայացուցիչ Ժայիր Բոլսոնարուն և Աշխատավորների կուսակցության ներկայացուցիչ Ֆերնանդու Ադադը:
Առաջին փուլում Բոլսոնարուն ստացել էր ընտրողների ձայների 46.2 տոկոսը, իսկ Ադադը՝ 29.1 տոկոսը: