Վրաստանի նախկին վարչապետը մտադիր չէ քաղաքականություն վերադառնալ
Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին մտադիր չէ վերադառնալ քաղաքականություն: Այս մասին նա այսօր հայտնեց լրագրողներին Վրաստանի նախագահական ընտրություններում քվեարկելուց հետո, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»։
Կվիրիկաշվիլին 2,5 տարի զբաղեցրել է Վրաստանի վարչապետի պաշտոնը: Նա պաշտոնից հեռացավ 2018 թվականի հունիսի 13-ին՝ հայտարարելով իշխող թիմի եւ կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ «հիմնարար հարցերում» տարաձայնությունների մասին:
«Չեմ պատրաստվում քաղաքականություն վերադառնալ: Ես շատ ավելի հետաքրքիր գործ ունեմ»,-նշել է նախկին վարչապետը։
Վերջերս Կվիրիկաշվիլին դարձավ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջազգային խորհրդատու: Այժմ նա օգնում է Ուզբեկստանի կառավարությանը հանրային եւ մասնավոր հատվածների միջեւ երկխոսության հարթակ ստեղծելու հարցում: