Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Շահինյանը բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցու հետ
Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Շահինյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:
87 կգ քաշային կարգում հանդես եկող Շահինյանը պայքարը սկսել էր երեկ և 1/8 եզրափակչում 1:4 հաշվով զիջել էր Ուկրաինայի ներկայացուցիչ Ժան Բելենյուկին:
Բելենյուկի՝ եզրափակիչ դուրս գալու շնորհիվ Շահինյանը սփոփիչ գոտեմարտերի մասնակցելու հնարավորություն ստացավ:
Այսօր հայ ըմբիշը նախ մրցեց լիտվացի Էիվիդաս Ստանկևիչուսի հետ և 9:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց, ապա 7:5 հաշվով առավելության հասավ Իրանի ներկայացուցիչ Հուսեյն Ահմադ Նուրի նկատմամբ:
Այսպիսով, Արթուր Շահինյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ. վճռորոշ գոտեմարտում մեր ըմբիշի մրցակիցը լինելու է ադրբեջանցի Իսլամ Աբասովը: