Եթե նման խուլիգանություն եղած լիներ, իրավապահներն իրենց գործը կանեին. Գորիսի քաղաքապետի հայրը հերքում է լուրը, որ որդին ավագանու անդամի է ծեծել
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը, հերքում է մամուլում տարածված այն տեղեկությունը, թե իր որդին քաղաքապետարանում ծեծի է ենթարկել ավագանու անդամ Լյովա Արզանյանին, ով ուշագնաց է եղել:
Tert.am-ի հետ զրույցում Գագիկ Առուշանյանը նշեց՝ ինչպե՞ս կարող է նման միջադեպ լինի, ու իրավապահները չզբաղվեն այդ հարցով: «Եթե նման դեպք եղած լիներ, նման խուլիգանություն, իրավապահներն իրենց գործը արած կլինեին»,-ասաց նա:
Գագիկ Առուշանյանը նշեց, որ եթե, ըստ հրապարկման, դեպքը եղել է հոկտեմբերի 18-ին, ինչո՞ւ մինչև այսօր որևէ գործ չի հարուցվել: «Ես ի՞նչ ա իմ տղուց խաբար չեմ, թե քաղաքում կատարվածը չգիտեմ, բա ինչո՞ւ ես չեմ լսել նման բան»,-ասաց նա:
Քաղաքապետի հայրը նշեց, որ եթե նշել են, որ միջադեպին ականատես են եղել մոտ 13 ավագանու անդամներ, ինչպես է հնարավոր նրանցից որևէ բան թաքցնել:
«Այսինքն, եթե 13 անդամ տեսել է, ո՞նց կարող էր աշխարհով մեկ եղած չլիներ»,-ասաց նա:
Նշենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Նա ևս հերքել էր տեղեկությունը՝ նշելով, որ նման բան չի եղել: