Այսօր կարելի է մտնել ինտերնետ և ստանալ մանրամասն խորհրդատվություն, թե ինչպես բանկ թալանել. Փաշինյան (տեսանյութ)
Այսօր կարելի է մտնել ինտերնետ եւ ստանալ մանրամասն խորհրդատվություն, թե ինչպես բանկ թալանել: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ապա ժպիտով հավելեց. «Պարոն Ջավադյանը միանգամից մտահոգվեց»:
Նրա խոսքով, այդ խորհուրդները շատ պրակտիկ են, այնպես չի, որ դա իրականության հետ կապ չունի. «Պետք է խոստովանել, որ եթե նույնիսկ ամենախիստ ձեւակերպումներով օրենսքներ գրել, բայց երեխաների նկատմամբ քարոզչության խնդիրը մնալու է չլուծված, քանի դեռ կոնկրետ լուծում չի գտնվել:
Օրինակ սեռական փոքրամասնությունների դեմ պայքարի քարոզչությունը X պահից ինքը դառնում է սեռական փոքրամասնությունների քարոզչություն: Չկա՞ այդպիսի բաղադրիչ: Հիմա մենք երեխաների շրջանում բռնության քարոզն արգելելու հարց ենք քննարկում, բայց մյուս կողմից նրանք տեսնելով այս քննարկումը, չե՞ն ասելու՝ էս մարդիկ ինչի՞ դեմ են պայքարում, մերժում են, քննադատում են, հետաքրքրություն է առաջանալու: Չկա՞ այսպիսի բան: Ցանկացած հակաքարոզչություն քարոզչության բաղադրիչ է պարունակում»,-ընդգծեց Փաշինյանը: