Մի՛ անձնավորեք` ում շահերից ինչն է բխում, իսկ դեկտեմբերին ընտրությունները շուտափույթ դնելը ո՞ւմ շահերից է բխում. Վ. Բաղդասարյան (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթին, նշեց.
«Բնականաբար, քանի որ այս ամեն ինչը ձևական բնույթ է կրում, ելույթը չէր կարող լինել ծրագրային»:
Վարչապետի թեկնածուի ելույթում հնչած տեսակետը, թե Հանրապետականը որևէ շանս չունի, Բաղդասարյանը չմեկնաբանեց, միայն ասաց.
«Ընտրությունները կգան, կտեսնենք»:
Խմբակցության ղեկավարն ընդգծեց` ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը բավական լուրջ խնդիր է բարձրացնում, որը կարող է ազդել միջազգային հարթակներում մեր երկրի հեղինակության վրա:
«Դա պետք է գիտակցել, ընտրությունից մեկ ամիս առաջ չի կարելի Ընտրական օրենսգիրք փոխել»,- ասաց նա:
Հարցին` այնուամենայնիվ, այդ փոփոխությունը բխո՞ւմ է ՀՀԿ-ի շահերից, Բաղդասարյանը պատասխանեց.
«Ես խնդրում եմ` մի՛ անձնավորեք` ում շահերից ինչն է բխում: Իսկ դեկտեմբերին ընտրությունները շուտափույթ դնելը ո՞ւմ շահերից է բխում»: