Մինչև օրս ռևանշի երեք իրական փորձ է եղել. Փաշինյանը թվարկեց դրանք (տեսանյութ)
Մինչեւ օրս ռեւանշի երեք իրական փորձ է եղել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում որպես վարչապետի թեկնածու իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը եւ թվարկեց դրանք.
«Առաջինը Ռոբերտ Քոչարյանի շուրջ կոնսոլիդացիա իրականացնելու փորձն էր, որը սակայն ձախողվեց հիմնական քաղաքական գործոնի՝ ժողովրդի միանշանակ եւ հուժկու մերժման պատճառով: Երկրորդ փորձը հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում տեղի ունեցածն էր, երբ խորհրդարանական մեծամասնության ձեռամբ այնպիսի փոփոխություններ էին իրականացվում ԱԺ կանոնակարգ օրենքում, որ ժողովրդի գործոնը զրոյացվի, ընթացիկ քաղաքական գործընթացների համատեքստում: Բայց երկու ժամվա ընթացքում շուրջ 80 հազար ՀՀ քաղաքացիներ շրջափակեցին ԱԺ շենքը եւ ցույց տվեցին, որ ժողովրդի քաղաքական գործոնը բացառելու բոլոր փորձերը կարժանանան ընդարձակ ժողովրդական դիմադրության:
Ռեւանշի հաջորդ քայլը այս երկուշաբթի ԱԺ-ում տեղի ունեցածն էր, երբ ՀՀԿ-ն, ըստ էության, բոյկոտեց ու տապալեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Սա արվում էր նրա համար, որ առաջիկա ԱԺ ընտրությունները տեղի ունենան գործող ԸՕ-ով, այսինքն ռեյտինգային ընտրակարգով, որովհետեւ ՀՀԿ-ի ներկայացուցիչների, նրանց հետ ասոցացվող անձանց եւ ուժերի շրջանում հանկարծակի հույս ծագեց, որ ռեյտինգային ընտրակարգը կարող է իրենց շանս տալ առաջիկա ընտրություններին հասնել ռեւանշի»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: