ԱՄՆ-ում հարսանիքը չեղարկած հարսնացուն նվիրել է այն օտար զույգի
ԱՄՆ-ում հարսանիքը չեղարկած հարսնացուն նվիրել է այն օտար զույգի։ Այս մասին հաղորդել է ABC News լրատվական կայքը։
Տեխասից Քոլբի Սանդերսը չեղարկել է իր նշանադրությունը վերջին պահին, սակայն հարսանեկան գործակալությունը հրաժարվել է նրան վերադարձնել հանդիսության կազմակերպման գումարը։ Ընկերությունը առաջարկել է նրան որպես փոխհատուցում անվճար մի որևէ այլ հանդիսություն կազմակերպել, երբ ինքը կկամենա։ Սակայն 24-ամյա ամերիկուհին հրաժարվել է և որոշել է իր հարսանիքը նվիրել ինչ–որ մեկին, ով պատրաստվում էր հոկտեմբերի 20-ին ամուսնանալ։
Սանդերսն այդ մասին գրել է Facebook-ի իր էջում և առաջարկել է իրեն դիմեն բոլոր նրանք, ովքեր ցանկանում են անվճար հարսանիք անցկացնել։ Նա հարյուրավոր դիմումներ է ստացել և 45 զույգ է ընտրել, որոնց պատմություններն ամենից հուզիչն են եղել։ Սանդերսը նրանց անունները գրել է թղթիկների վրա և հանդիսությունից մեկ շաբաթ առաջ դրանցից մեկը պատահականության սկզբունքով քաշել է։ Երջանիկները 22-ամյա Հելի Հիփշերն ու Մեթ Ջոնսն են եղել։