Սերժ Սարգսյանի եղբորորդու պաշտպանը պահանջել է, որպեսզի տուժողի հագուստները համարվեն իրեղեն ապացույց և բերվեն դատարան
Սպանության փորձի մեջ մեղադրվող Հայկ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում: Դատավորը Հայկ Սարգսյանին ներկայացրել է նրա իրավունքներն ու պարտականությունները, որից հետո կրկին նրա պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել:
Պաշտպանը նշել է, որ իրենք դիմել են քննիչին ու դատախազին, որպեսզի տուժողի հագուստները համարվեն իրեղեն ապացույց և բերվեն դատարան. «Միջնորդում եմ, որպեսզի վարույթն իրականացնող մարմնից պահանջեք Դավիթ Սիմոնյանի հագուստները, որոնք տրվել են փորձաքննության, և հայտարարվել է, որ դրանց վրա հայտնաբերվել են հանցագործության հետքեր, ապա պետք է այդ հագուստը ճանաչվի իրեղեն ապացույց, ինչպես որ ճանաչվել է զենքը, որով, նշվում է, թե կրակոց է արձակվել»:
Մեղադրող դատախազն ասել է, որ հագուստները պահպանված չեն, քանի որ քրեական գործի որոշ նյութեր ոչնչացված են եղել, և դրանց մեջ են նաև հագուստները:
Դատարանը պահանջել է փաստաթղթեր ներկայացնել, որոնք կապացուցեն, որ այդ նյութերը ոչնչացվել են: Անհրաժեշտ տվյալները ներկայացնելու համար դատախազին մեկ շաբաթ ժամանակ տրվեց: Դատական նիստը հետաձգվեց:
Նիստի ավարտին դատարանը որոշել է բերման ենթարկել տուժող Դավիթ Սիմոնյանին, քանի որ նրա բացակայությունն այսօրվա նիստին չուներ հարգելի պատճառ:
Դատական նիստը հետաձգվեց. այն տեղի կունենա նոյեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին: