«Ելք»-ը Փաշինյանին կառաջադրի վարչապետի թեկնածու, սակայն նա չի ընտրվի. Ալեն Սիմոնյան
Այսօր` ժամը 18։00-ին, լրանում է ԱԺ խմբակցությունների կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու վերջնաժամկետը: Այս առիթով «Ելք» խմբակցությունը նիստ է գումարել և որոշել Նիկոլ Փաշինյանին առաջադրել վարչապետի թեկնածու։
Այդ ճանապարհն ընտրել են իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո, քանի որ խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ է, որպեսզի առաջին փուլում թեկնածու առաջադրվի և չընտրվի:
Այսպես, վաղը իրավունքի ուժով Ազգային ժողովի հատուկ նիստ կգումարվի, որի ընթացքում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պետք է ներկայանա խորհրդարանականներին։
Հիշեցնենք, որ «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները պաշտոնապես հայտարարել էին, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրի:
«Վաղը կտեսնենք Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովում, մենք ականատես կլինենք ամբողջ գործընթացին, որից հետո պարոն Փաշինյանը չի ընտրվի և կանցնենք երկրորդ փուլ»,- ԱԺ -ում լրագրողների հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: