Հայուհիների կողքով բարդ է անտարբեր անցնելը, իսկ նրանց հայացքը մխրճվում է ուղիղ սրտիդ մեջ. բելառուս լրագրող
Բելառուս լրագրող Պավել Միցկևիչը «Комсомольская правда Беларусь» պարբերականի էջերում կիսվել է հայաստանյան իր ուղևորության մասին անմոռանալի տպավորություններով:
Լրագրողը խոստովանել է, որ իրեն հատկապես տպավորել է մեր երկրի հինավուրց պատմությունը, Արարատ լեռն ու հայ աղջիկների գեղեցկությունը:
Իր հոդվածում Միցկևիչը նշել է, որ Հայաստանի մասին վառ տպավորությունները սկսվում են դեռ վայրէջք չկատարած՝ օդանավի հենց ներսում:
«Երբ ինքնաթիռի թևի տակ հայտնվում են հզոր լեռները, սիրտդ մի պահ կանգ է առնում գեղեցկությունից ու այն մտքից, որ ափիդ մեջ է ժամանակակից աշխարհի ամբողջ պատմությունը»,- գրում է լրագրողը:
Միցկևիչը նաև կիսվել է հայ տաքսու վարորդների հետ իր հետաքրքրական շփումների փորձով՝ նշելով, որ իրեն խորհուրդ են տվել զուսպ կերպով զմայլվել, բայց չափից շատ չնայել հայ աղջիկներին:
«Եվ իսկապես. հայուհիների կողքով բարդ է անտարբեր անցնելը, իսկ նրանց հայացքը մխրճվում է ուղիղ սրտիդ մեջ», - անկեղծանում է հոդվածի հեղինակը, ում նաև չափից շատ տպավորել է բիբլիական Արարատն ու հայերի հայրենասիրությունը:
«Արարատն ուղղակի հիպնոզացնում է քեզ: Եվ դա չի կարող չանդրադառնալ հայերի մտածողության վրա: Չէ՞ որ եթե Արարատն ամեն օր քեզ է նայում, ապա անհնար է չլինել հայրենասեր ու չհպարտանալ քո երկրով», - եզրափակել է Միցկևիչը: