Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում էր, անկեղծ ասած, ոչ հարմար հագուստով, մենք ենք հորդորել, որ չքվեարկի՝ տեսնելով, որ բացակաների թիվը մեծ է. Ն. Զոհրաբյան
Գագիկ Ծառուկյանը եկել էր խորհրդարան, սակայն ոչ հարմար հագուստով էր, և մենք նրան հորդորել ենք չմասնակցել քվեարկությանը։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե այսօր առավոտից ակնհայտ էր, որ նոր ԸՕ-ն ընդունելու հարցում 63 ձայնի խնդիր է լինելու, ու Գագիկ Ծառուկյանը ևս չքվեարկեց:
«Գագիկ Ծառուկյանը, իմանալով, որ քվեարկության խնդիր կա, ժամը 17։30 -ին եկել է ԱԺ՝ Երևանից բավականին մեծ հեռավորության վրա գտնվելով և շատ արագ հասնելով ԱԺ: Նա խմբակցությունում էր և պատրաստվում էր քվեարկել։ Անկեղծ ասած, նա ոչ հարմար հագուստով էր, և մենք ենք հորդորել նման հագուստով չմտնել ԱԺ դահլիճ: Եթե պակասեր 1 ձայն, բնականաբար, նման հորդոր չէր լինի, բայց տեսնելով, որ բացակաների թիվը շատ է, մենք պարոն Ծառուկյանին հորդորեցինք չքվեարկել»,– ասաց Ն. Զոհրաբյանը։