Ինչ ընտրական օրենսգրքով էլ լինի, դեկտեմբերին տեղի են ունենալու ԱԺ արտահերթ ընտրություններ. Ն. Փաշինյան
«Քաղաքական մեծամասնությունն ԱԺ-ում վարում է սաբոտաժի քաղաքականություն, և դա վերջին 20 օրվա ընթացքում մի քանի անգամ երևաց: Նրանք հույս ունեն, որ ԱԺ ընտրությունները կկարողանան վերածել ռևանշի գործիքի: Ըստ էության, եթե անգամ ԱԺ ընտրությունները տեղի ունենան գործող Ընտրական օրենսգրքով, ապա դա որևէ բան չի փոխելու, որովհետև ժողովրդի հաղթանակն անխուսափելի է, վերադարձ անցյալին չկա ու չի լինելու»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այսօրվա քվեարկությունը իրերի իրական դրությունն է ցույց տալիս, ԱԺ-ն տապալեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, սաբոտաժը շարունակվում է, բայց հեղափոխության հաղթանակը անխուսափելի է։:
Վարչապետի պաշտոնակատարը ՀՀ քաղաքացիներին կոչ արեց իրապես պատրաստվել արտահերթ ընտրությունների և հեղափոխությունը հասցնել իր ավարտին:
«Ինչ Ընտրական օրենսգրքով էլ անցնեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ժողովրդի հաղթանակն անխուսափելի է, անկասելի է, և ռևանշ չի լինելու. վերադարձ անցյալին, վերադարձ կոռուպցիոն դրսևորումներին չի լինելու: Դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ժողովուրդը հաղթել է անխուսափելիորեն: