Երբ Սերժ Սարգսյանին երրորդ անգամ տանում, դարձնում էիք երկրի ղեկավար, այդ ժամանակ ժողովրդավարության տակ ական չկա՞ր. Ալեն Սիմոնյան
Երբ Սերժ Սարգսյանին երրորդ անգամ տանում, դարձնում էիք երկրի ղեկավար, այդ ժամանակ ժողովրդավարության տակ ական չկա՞ր: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե հապշտապ Ընտրական օրենսգիրք ընդունելով ական է դրվում հայկական ժողովրդավարության տակ:
«Սուպերվարչապետության մասին եք խոսում: Դուք էս դահլիճում չէի՞ք, երբ այդ օրենքը կարվում էր Սերժ Սարգսյանի չափերով: Այդ ժամանակ այդ ականները ժողովրդավարության տակ չկա՞ր: Կար: Բա ինչու այդ ժամանակ դրա մասին չէր խոսվում: Դա այն ժամանակ ձեռնտու չէր»,-ասաց նա:
Նա անդրադարձավ պնդմանը, թե Ընտրական օրենսգիրքը հապճեպ է փոխվում. «Էն որ էստեղ 18.30-ին ձեռքով քվեարկելով, լրագրողների համար ձայնը անջատելով շատ արագ օրենք էր բերվել, որ մարդկանց արագ կանգնեցվի, դա հապճեպ չէ՞ր: Դա էր հապճեպ, իսկ սա մենք անում ենք Հայաստանի համար, որպեսզի ՀՅԴ-ն, որ նախորդ ընտրություններում 5,1 տոկոս էր ստացել, հավաքի այնքան ձայն, որ Դաշնակցության մեր գործընկերները, որոնց գործունեությունն իրոք պետքական է, իրոք լինեն ներկայացված ԱԺ-ում»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Նա ընդգծեց, որ առաջիկա ԱԺ ընտրությունները ՀՀԿ-ի մասին են լինելու. «Այն մասին, որ չի կարելի եւ չպետք է քվեարկել ՀՀԿ-ի համար:
Ես համաձայն չեմ նաեւ իմ գործընկերների հետ, որոնք հորդորում են ՀՀԿ-ին կողմ քվեարկել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Ուզում եք քվեարկեք, ուզում եք՝ մի քվեարկեք, ձեր գործն է: Մենք պատրաստ ենք գնալ ընտրությունների ցանկացած օրենսգրքի պայմաններում»,-ասաց Ալեն Սիմոնյանը: