Այն, ինչ հիմա կատարվում է, չի բխում կառավարության ծրագրից. Արմեն Ռուստամյանը՝ ԸՕ-ի փոփոխությունների և քննարկումների մասին
«Դրանով գնալու ենք ընտրությունների, և որոշվելու է երկրի ապագան: Եվ Ընտրական օրենսգիրքը հապշտապ մի քանի ժամվա մեջ երկու ընթերցում անցկացնելը շատ սխալ պրակտիկա է, և հենց այդ պատճառով մենք այդ որոշմանը ձեռնպահ ենք քվեարկել»,- Ընտրական օրենսգրքի քննարկումների մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը:
Ռուստամյանը նշեց, որ ինքը դեմ է ԸՕ-ի հատուկ ռեժիմով քննարկմանն ու ընդունմանը: Բայց կան փոփոխություններ, որոնց իրենց խմբակցությունը կողմ է, քանի որ խմբակցության կողմից առաջարկված մի քանի դրույթներ տեղ են գտել ԸՕ-ի փոփոխված տարբերակում:
«Այն, ինչ հիմա կատարվում է, չի բխում կառավարության ծրագրից: Կառավարության ծրագրում նախատեսված էին քայլեր, նախատեսված էր նաև վարչապետի լիազորությունների սահմանափակումը: Քայլեր կան, որոնք պարզապես չեն արվել: Այդ քայլերը պետք է արվեն, տրամաբանական ժամկետ դրվի: Ամեն ինչ հարմարեցված է դեկտեմբերին»,- ասել է Արմեն Ռուստամյանը:
ՀՅԴ պատգամավորն իր խոսքում նշեց, որ այս ԱԺ-ից ամեն ինչ սպասելի է: Անդրադառնալով այս հարցերի շուրջ նաև Հանրապետական կուսակցության մոտեցմանը՝ նշեց, որ նորմալ է, դա այդ կուսակցության դիրքորոշումն է: