Հայաստանում բողոքում են, որ ռուսական խոշոր մի ընկերություն Հայաստանում վարում է դեմպինգային քաղաքականություն
Հրուշակեղենի վեց արտադրողներ Հայաստանում բողոքում են, որ ռուսական խոշոր մի ընկերություն Հայաստանում վարում է դեմպինգային քաղաքականություն եւ անհավասար պայմաններ ստեղծում մրցակցության համար, որն էլ վնաս է հասցնում տեղական արտադրողներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում պատմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը:
Նրա խոսքով՝ ՏՄՊՊՀ նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռուսական «ԿԴՎ գրուպ» արտադրողը իսկապես Հայաստանում իր հրուշակեղենը շատ ցածր գներով է իրացնում, ավելի ցածր, քան հենց Ռուսաստանում։
«Քանի որ այդ ընկերությունը գերիշխող դիրք է զբաղեցնում Ռուսաստանի տարածքում եւ մենք գործ ունենք անդրսահմանային շուկայի հետ, հնարավոր է՝ ԵՏՄ շրջանակներում դա կարող է դիտարկվել որպես գերիշխող դիրքի չարաշահում։ Մենք դիմել ենք Եվրասիական տնտեսական հանձնաժոովի մեր գործընկերներին, որպեսզի ստանանք գնագոյացման մասին տեղեկություն»,–նշել է Շաբոյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 22-24-ը Երեւանում անցկացվում է «Եվրասիական շաբաթ» Եվրասիական տնտեսական միության ամենամյա գործնական միջոցառումը։
Համաժողովը մի հարթակի վրա կգումարի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ-պետությունների եւ Միության գործընկեր-երկրների կառավարությունների ոլորտային փոխնախագահներին եւ նախարարներին, պետական կորպորացիաների եւ առաջատար բիզնեսի ղեկավարներին:
Համաժողովի կարեւոր իրադարձությունը կլինի ԵՏՄ-ի արտահանման եւ կոոպերացիոն ներուժի ցուցահանդեսը, որը կանցկացվի համաժողովի հարթակում վերջինիս անցկացման ողջ ժամանակահատվածում:
Ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 120 ընկերություն հետեւյալ ոլորտներից՝ գյուղատնտեսություն, թեթեւ արդյունաբերություն, ճշգրիտ ճարտարագիտություն եւ ՏՏ-տեխնոլոգիաներ, նորարարական շինանյութեր, ոսկերչական արդյունաբերություն, դեղագործություն: