ԵԱՀԿ-ն Հայաստանի կողքին է բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին. Թոմաս Գրեմինգեր
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հոկտեմբերի 18-19 Վիեննա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի, ԵԱՀԿ դեսպան, Տնտեսական եւ բնապահպանական ծրագրերի պատասխանատու, դեսպան Վուկ Ժուկիչի եւ ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցավորության գրասենյակի փողերի լվացման դեմ պայքարի հարցերով խորհրդական Օլեքսի Ֆեշչենկոյի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր:
Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ մասնավորապես՝ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է հայաստանյան քաղաքական նոր իրողություններով պայմանավորված կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իշխանությունների ցուցաբերած հաստատակամությունը եւ քաղաքացիների անվերապահ աջակցությունը Կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերին:
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում առկա կարիքները եւ ծրագրերը: Այս համատեքստում ԵԱՀԿ-ի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն հակակոռուպցիոն համատեղ ծրագրերի իրականացման, կոռուպցիոն հանցագործությունների քննության առավել արդյունավետ համակարգ ներդնելու վերաբերյալ:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը դրական է գնահատել Հայաստանում իրականացվող գործընթացները, հետաքրքրվել ներկայում իրականացվող բարեփոխումներով եւ նշել, որ ԵԱՀԿ-ն Հայաստանի կողքին է բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին, ինչպես նաեւ կառույցի աջակցությունն է հայտնել համագործակցության խորացման հարցում՝ Հայաստանի հակակոռուպցիոն պայքարի ոլորտում առավել բարձր նշաձող սահմանելու համար: