«Եվրասիական շաբաթ» երրորդ միջազգային համաժողովի շրջանակներում հատուկ ուշադրություն կդարձվի բիզնեսի ու իշխանությունների փոխհարաբերությունների զարգացմանը. Տիգրան Սարգսյան
«Եվրասիական շաբաթ» երրորդ միջազգային համաժողովի շրջանակներում հատուկ ուշադրություն կդարձվի բիզնեսի ու իշխանությունների փոխհարաբերությունների զարգացմանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Երեւանում «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացման ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Նա մասնավորապես նկատեց, որ ԵՏՄ–ն ցանկանում է միջազգային շուկա դուրս գալ ճանաչելի եւ որակյալ եվրասիական բրենդներով։
«Մենք ցանկանում ենք միջազգային շուկա դուրս գալ եվրասիական բրենդներով, որոնք կլինեն ճանաչելի, ժամանակակից եւ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ» ,–պարզաբանեց Տ. Սարգսյանը։
Միաժամանակ նա շեշտեց, որ իրենք քննարկում են այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք են՝ Եվրասիական ոսկերչական բրենդի ստեղծումը, շինարարության ոլորտի չափանիշները, թվային տրանսպորտային միջանցքները, «խելացի քաղաքների» տեխնոլոգիաները եւ այլն։
Բացի այդ, Սարգսյանն ընդգծեց, որ ԵՏՄ երկրների ձեռնարկատերերը հետաքրքրված են արտասահմանյան բիզնեսի, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների եւ միջազգային կազմակերպությունների հետ ուղիղ կապի հաստատմամբ։
Իր հերթին այդպիսի հետաքրքրվածություն են ցուցաբերում նաեւ արտասահմանյան ձեռնարկատերերը՝ Հարավ–արեւելյան Ասիայից մինչեւ Միջին Արեւելք եւ Լատինական Ամերիկա։ Այս թեմային, ի դեպ, նվիրված կլինի ռազմավարական «Եվրասիական մայրցամաքային գործընկերություն. Ընդլայնելով ԵՏՄ բիզնեսի տիրույթը» նստաշրջանը։
«Ուղիղ բիզնես երկխոսության հաստատման հնարավոր ուղիներից մեկը շուկայի մասնակիցներն ու փորձագետները տեսնում են Եվրասիայի տարածքում նոր տնտեսական մեգագործընկերության՝ Եվրասիական մայրցամաքային գործընկերության հաստատմամբ»,–եզրափակեց Տ. Սարգսյանը։