Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ առաջիկայում ԱՄՆ հետ մեր երկրի շփումները կինտենսիվանան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ առաջիկայում ԱՄՆ հետ մեր երկրի շփումները կինտենսիվանան։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը։
«Ցավոք Միացյալ Նահանգների հետ մեր շփումներն այդքան էլ ինտենսիվ չեն ես հույս ունեմ, որ առաջիկա ժամանակահատվածում կինտենսիվանան, չնայած նախորդ շաբաթ այցելել էր ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը եւ շատ կարեւոր եւ հետաքրքիր քննարկում ունեցանք։ Կարող եմ ասել, որ մենք պատրաստվում ենք ինտենսիվ շփումների»,–նշեց նա։
Հարցին, թե արդյոք Ռուսաստանը «խանդով» է վերաբերում Հայաստանի հարաբերություններին գերտերություների հետ, Փաշինյանն ընդգծեց, որ ինքն այդպիսի տպավորություն չի ստացել։
«Մեր հարաբերությունները եւ իմ անձնական հարաբերությունները մեր գործընկերների հետ, ինչպես եւ ասել եմ, շատ ուղիղ են, անկեղծ, առանց մութ անկյունների եւ ես ուրախ եմ, որ մեր գործընկերների այդ թվում Ռուսաստանի,Վլադիմիր Պուտինի հետ փոխվստահության մթնոլորտ է ձեւավորվել, սակայն դա չի նշանակում, որ մենք ամեն ինչում եւ ամեն ինչ մասին ունենք նույն տեսակետը, ամեն ինչում համաձայն ենք, դա նշանակում է, որ մենք ըմբռնում ենք փոխադարձաբար միմյանց տեսակետերը եւ վստահ եմ, որ երկուստեք անկեղծ ենք»,– հավելեց նա։