Նորընտիր պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ԱԺ նիստում երդվեց
Ազգային ժողովի արտահերթ նիստի սկզբում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը:
Ըստ այդմ, ԱԻ նախարար նշանակված Ֆելիքս Ցոլակյանի մանդատը բաժին է հասել ՀՀԿ թիվ 11 ընտրական տարածքում հաջորդ թեկնածուին՝ Մարտուն Գրիգորյանին:
Մարտուն Գրիգորյանը ԱԺ նիստում երդվեց. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման եւ բարգավաճման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս,պահպանել ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել ՀՀ շահերի պաշտպանությանը: Անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:
Ավելի վաղ Մարտուն Գրիգորյանը հայտարարել էր, որ ինքը ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: