ԿԸՀ-ն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները. ովքեր են հաղթողները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հոկտեմբերի 21-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները:
Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել հանրապետության 9 մարզի 49 համայնքում, որից 24-ում ընտրությունները եղել են հերթական՝ 25-ում՝ արտահերթ:
ՏԻՄ ընտրություններ են կայացել հանրապետության 4 քաղաքներում՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում, Կտայքի մարզի Հրազդան քաղաքներում:
Նախնական արդյունքներով Էջմիածնում քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Դիանա Գասպարյանը. ըստ նախնական տվյալների Հայաստանի առաջին ընտրված կին քաղաքապետը ստացել է 8076 ձայն: Երկրորդ տեղում Սուրեն Մուրադյանն է՝ 3699 ձայնով: Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում ցածր մասնակցություն է գրանցվել. ընտրություններին մասնակցել է 45278 ընտրողներից 15826-ը, ինչը կազմում է ընտրողների 34,95 տոկոսը։
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում քաղաքապետ է ընտրվել ինքնաառաջադրված թեկնածու Սևակ Միքայելյանը, ոց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին է: Նախնական տվյալներով նա ստացել է 10 681 քվե, իսկ նրա միակ մրցակիցը՝ Լեւոն Ստեփանյանը՝ 4 819 քվե: Սևակ Միքայլյանը «քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, սակայն կուսակցությունը հայտարարել էր, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրել և չի սատարելու որևէ թեկնածուի: Հրազդան քաղաքում 44154 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 16259-ը, ինչը կազմում է ընտրողների 36,82 տոկոսը։
Հետաքրքիր արդյունք է գրանցվել Կապանում: Անկուսակցական Գևորգ Փարսյանը հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Նարեկ Բաբայանին: Ըստ նախնական տվյալների Գևորգ Փարսյանը ստացել է 10 507 ձայն, Նարեկ Բաբայանը՝ 8 499 ձայն: Կապան խոշորացված համայնքում գրանցված 34969 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 19503-ը, որը կազմում է ընտրողների 55.77 տոկոսը:
Արմավիրի մարզի Արմավիր համայնքում քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած թեկնածու Դավիթ Խուդաթյանը: Նախնական տվյալներով ՔՊ-ական թեկնածուի օգտին քվեարկել է 6 693 ընտրող: Երկրորդ տեղում Օհան Հարությունյանն է հավաքած 1626 ձայնով, իսկ երրորդում՝ Սևակ Մինասյանը՝ 1288 ձայնով: Արմավիրում հոկտեմբերի 21-ին կայացած քաղաքապետի արտահերթ ընտրություններին 26 հազար 36 ընտրողից մասնակցել է ընդամենը 8 հազար 969-ը: