Ֆինանսական դժվարությունների պատճառով Սաակաշվիլիին նյութապես ապահովում է մայրը
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին շփվել է ուկրաինացի լրագրողների հետ և ասել, թե ինչպես է ապրում քաղաքացիությունից զրկվելուց հետո։
Քաղաքական գործչի խոսքով՝ այժմ նա ապրում և աշխատում է Ամստերդամում։ Նա նշել է, որ կան ֆինանսական դժվարություններ։ Սաակաշվիլիին նյութապես ապահովում է մայրը։
«Նա վաստակում է բավարար՝ իրեն պահելու, Վրաստանում գտնվող կնոջս ու որդուս և ինձ օգնելու համար»,-ասել է քաղաքական գործիչը «1+1» հեռուստաալիքին։
Սաակաշվիլին նշել է, որ համեստ կենսակերպ է վարում, տեղաշարժվում է հեծանվով և ամսական մոտ 400 եվրո ծախսում։ Այդ գումարի մեջ են մտնում կոմունալ և բնակարանի մաքրության ծախսերը։
Նա նշել է, որ շատ է կարոտում Ուկրաինան և չի պատրաստվում որևէ մեկին տալ իր անձնագիրը։ Սաակաշվիլին հույս է հայտնել, որ ապագայում Ուկրաինան կդառնա եվրոպական մեծ տերություն։