ՔՊ-ն ներկայացնող թեկնածուները հաղթել են Արմավիրում և Էջմիածնում, պարտվել՝ Կապանում, Հրազդանում հաղթել է ՔՊ-ական, բայց ինքնաառաջադրված թեկնածուն
Հայաստանի 4 քաղաքներում այսօր քաղաքապետ են ընտրել: Հոկտեմբերի 21-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Հրազդանի քաղաքապետ է ընտրվել Սևակ Միքայելյանը՝ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին:
Արմավիրի քաղաքապետ է դարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող թեկնածու Դավիթ Խուդաթյանը, այս մասին տեղեկացրել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերով խորհրդական Սիփան Փաշինյանը:
Նա Facebook-ի իր էջում նաև տեղեկացրել է, որ Էջմիածնում քաղաքապետ է ընտրվել ՔՊ-ն ներկայացնող Դիանա Գասպարյանը, որը մինչ այժմ քաղաքապետի պաշտոնակատարն էր:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է Կապան քաղաքում: Այստեղ ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու Նարեկ Բաբայանին հաղթել է անկուսակցական Փարսյանը: