Նյութեր են նախապատրաստվում Էջմիածնում ընտրողի մոտ 2 քվեաթերթիկի և Հրազդանում կրկնաքվեարկության դեպքերի առթիվ
ՏԻՄ ընտրությունների ընթացքում Էջմիածնում և Հրազդանում ընտրախախտումների վերաբերյալ Դատախազության հանձնարարականով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Էջմիածնի թիվ 14/11 տեղամասում ընտրախախտման դեպք է գրանցվել, քվեարկության պահին ընտրողի մոտ եղել է երկու քվեաթերթիկ։ Այդ մասին լրատվամիջոցներին ասել է դիտորդ Արթուր Սաքունցը։ Հրապարակումն Արմավիրի դատախազությունից ուղարկվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ նյութեր նախապատրաստելու:
Իսկ Հրազդանում գրանցված կրկնաքվեարկության դեպքին, ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ Հրազդանի 25/21 ընտրատեղամասում կրկնաքվեարկության ահազանգ է գրանցվել, ինչի վերաբերյալ ևս ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: