Հսկայական գումարների փոշիացման մեծ փորձ ունեցող գյուղնախարարը
Կառավարության 2017 թվականի մարտի 9 թիվ 243-Ա որոշումով հիմնադրվեց Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը: Վերջինիս ստեղծումով որոշվել էր դադարեցնել գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (ԳԾԻԳ) գործունեությունը: Այն ժամանակ կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, հայտարարում էր, թե օպտիմալացնում են պետական համակարգը՝ խնայելով պետական միջոցները,- գրում է hetq.am-ը:
Երբ ստեղծվեց գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը, նշվեց, որ հիմնական առաքելությունը պետք է լինի երկրում գյուղատնտեսության զարգացման խթանումը: Հիմնադրամի գործունեության արդյունքում պետք է բարձրացվեր գյուղատնտեսության մրցունակությունը, ներգրավվեին ներդրումներ, խթանվեր գյուղմթերքների արտահանումը և այլն: Սակայն, դատելով այդ կառույցի կատարած ծախսերից և վերահսկիչ պալատի բացահայտումներից, ոչ միայն պետական միջոցները չեն խնայվել, այլ ճիշտ հակառակը՝ շատ դեպքերում կատարել են չհիմնավորված ծախսեր: Նույնիսկ ավելին, քան մինչև «օպտիմալացումը»:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն այս տարվա փետրվարի 6-ին հաստատել է 2018թ. տարեկան գործունեության իրականացման բյուջեն՝ մոտ 682 մլն 555 հազար դրամ: Այդ գումարի մեծ մասը գոյանում է պետական բյուջեի հատկացումներից՝ մոտ 410 մլն 457 հազար դրամ:
Բյուջեով հսկայական գումարներ են հատկացվել հիմնադրամի ծախսերի համար: Մասնավորապես, խորհրդի հաստատած ծախսերի նախահաշվով 504 մլն 244 հազար դրամ է հատկացված աշխատավարձերի նպատակով, որից մոտ 325 մլն դրամը՝ պետական բյուջեից: 17 մլն դրամից ավելին է նախատեսվել տրանսպորտային նյութերի, 40 մլն դրամ՝ գույքի և սարքավորումների, տարածքների վարձակալության համար, որից 8 մլն 340 հազար դրամը՝ պետական բյուջեից և այլն:
Հիմնադրամի աշխատավարձերի հիերարխիան
Ուսումնասիրելով խորհրդի կողմից հաստատված հաստիքացուցակը՝ պարզեցինք, որ այնտեղ աստղաբաշխական աշխատավարձեր են սահմանված: Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը հաստիքով ունի 182 աշխատող, որից 139-ը մարզային կառույցների աշխատակիցներ են:
Պաշտոնային առավելագույն դրույքաչափը գործադիր տնօրենինն է՝ ամսական 1 մլն 500 հազար դրամ, ծրագրերի կառավարման և զարգացման ու գյուղատնտեսական խորհրդատվական տնօրեններինը՝ 1 մլն 200 հազար դրամ: 750 հազար դրամ առավելագույն դրույքաչափով աշխատավարձ է սահմանված աշխատակազմի ղեկավարի համար: Ամենացածր աշխատավարձը մարզային կառույցների խորհրդատուներինն է՝ 140 հազար դրամ:
Նշենք, որ ի պաշտոնե հոգաբարձուների խորհրդի նախագահը գյուղատնտեսության նախարարն է: Հենց նա է ստորագրել հաստիքացուցակի և դրույքաչափերի փաստաթուղթը:
Բացի գյուղատնտեսության նախարարից, հոգաբարձության խորհրդի մեկական անդամ նշանակվում է Գյուղնախարարությունից (նախարարի տեղակալն է), Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական զարգացման և ներդրումների և Ֆինանսների նախարարություններից:
Կառավարության որոշման համաձայն՝ հիմնադրամի գույքը, ներառյալ ֆինանսական միջոցները, կարող են գոյանալ կամավոր ներդրումներից, պետական բյուջեից, նվիրատվություններից, դրամաշնորհներից, իր կանոնադրային նպատակներն իրականացնելու նպատակով իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունից, օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացրել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամում և 2017թ. նոյեմբերին կազմել է միջանկյալ արձանագրություն:
Պարզվել է, որ վերաբաշխում է կատարվել 2017թ. պետական բյուջեի մասին օրենքում և ոչ պետական ֆինանսական կազմակերպություններին տրամադրվող սուբսիդիաների համար նախատեսված գումարը՝ մոտ 153 մլն դրամ, դրամաշնորհի ձևով որոշվել է տրամադրել հիմնադրամին: Դրա հիման վրա էլ վերջինիս և գյուղատնտեսության նախարարության միջև կնքվել է գումարը հատկացնելու մասին համաձայնագիր:
Ըստ վերոնշյալ համաձայնագրի՝ միայն 54 մլն 442 հազար դրամ է հատկացվել տեսանյութերի պատրաստման համար, 136 մլն 105 հազար դրամ՝ վարկերի հավաստագրման դասընթացներին և այլն: Հիմնադրամի գործունեության առաջին եռամսյակի համար նախատեսված 10 տեսահոլովակները ներբեռվել են համացանց սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին: Դրանք դիտման համար հասանելի են միայն համացանցի հիմնադրամի «Youtube»-յան էջում: Դրանք գյուղատնտեսներին ներկայացնելու կամ վերջիններին տեսահոլովակների մասին իրազեկելու միջոցառումներ հիմնադրամի կողմից չեն իրականացվել:
2017թ. դեկտեմբերի 9-ի դրությամբ, օրինակ՝ անասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների համար նախատեսված տեսանյութն ունեցել է ընդամենը 36 դիտում, մեղվաբուծության թեմայով տեսանյութը՝ 68 և այլն:
Ինչ վերաբերում է դասընթացներին, ապա Վերահսկիչ պալատի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գրեթե բոլոր մարզերում դասընթացներին մասնակիցների թիվը, ըստ նախատեսված գրանցման թերթիկների, չի համապատասխանում դասընթացի հաշվետվություններին կցված լուսանկարներում առկա մասնակիցների թվին: Օրինակ, Շիրակի մարզի Ախուրյան համայնքում 15.07.2018թ. իրականացված դասընթացի մասնակիցների թիվը լուսանկարների համաձայն 12-ն է, սակայն գրանցման թերթիկներով ցույց են տվել 23-ը: Այդ թվի մեջ ներառված են եղել նաև մարզային կառույցների աշխատակիցների անունները:
«Բազմաթիվ են դեպքերը, երբ վարկերի հավաստագրման եռօրյա դասընթացների միևնույն մասնակցի ստորագրությունը յուրաքանչյուր առանձին օրվա գրանցման թերթիկում ակնհայտ տարբերվում է մյուսներից: Ստացվում է, որ դասընթացի մասնակիցների իրական քանակը չի համապատասխանում փաստաթղթերով ներկայացված քանակին»,- եզրակացրել է Վերահսկիչ պալատը:
Նշենք, որ 2018թ. բյուջետային ֆինանսական հայտով սահմանված են նույն գործառույթները՝ 50 խմբային դասընթաց, 120 ծրագրային դասընթաց և 40 տեղեկատվական նյութերի պատրաստում: Այսինքն՝ պահպանվում են նույն ռիսկերը, ինչ նախորդ տարում:
Ինչ վերաբերում է ստացած դրամաշնորհներին, դրանք հիմնականում ուղղվել են աշխատավարձի ֆոնդին: Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումով սահմանված հաստիքացուցակն ու աշխատավարձի դրույքաչափերն էական շեղում ունեն կառավարությանը ներկայացված բյուջետային ֆինանսավորման հայտից:
2017թ. բյուջետային ֆինանսավորման հայտով գործադիր տնօրենի համար սահմանված 1 մլն դրամ, աշխատակազմի ղեկավարի՝ 500 հազար, գլխավոր հաշվապահի՝ 250 հազար դրամ աշխատավարձի փոխարեն խորհրդի կողմից սահմանվել և վճարվել է համապատասխանաբար 1,5 մլն դրամ, 750 հազար և 500 հազար դրամ: Համեմատության համար նշենք, որ այս հիմնադրամի ստեղծման հիմքով լուծարված Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի (ԳԱՀԿ) ղեկավարի աշխատավարձը եղել է 330 հազար դրամ:
Միայն հիմնադրամի կենտրոնական գրասենյակի 34 աշխատակիցների ամսական աշխատավարձի ֆոնդը կազմում է մոտ 14 մլն դրամ:
Լուծարված կառույցների և հիմնադրամի աշխատավարձերի, հաստիքացուցակային վերլուծությունը ցույց է տվել, որ հիմնադրամի աշխատակիցների աշխատավարձը բավականին բարձր է, սա այն դեպքում, երբ պակասել են գործառույթները:
Անհամապատասխանություն կա նաև հիմնադրամի 2018թ. հաստիքացուցակներում և դրույքաչափերում: Միևնույն նպատակի համար ստեղծված և միևնույն գործառույթներ իրականացնող 10 մարզային կառույցներից 2-ի համար նախատեսված է հաշվետար-օգնականի հաստիք, մյուս 8-ի դեպքում՝ ոչ: Կամ՝ գլխավոր հաշվապահի աշխատավարձը սահմանված է 250 հազար դրամ, իսկ շարքային 2 հաշվապահներինը՝ 350 հազար դրամ:
Տարածքների վարձակալում, միջոցների վատնում
Պարզվում է՝ հիմնադրամը նաև տարածքներ է վարձակալել՝ առանց անհրաժեշտության: Մասնավորապես՝ 2017թ. հոկտեմբերի 27-ին հիմնադրամի և «Միկշին» ՍՊԸ-ի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր, որով հիմնադրամը մինչև 2022թ. հոկտեմբերի 15-ը ամսական 2 մլն 475 հազար դրամով վարձակալել է 573,32 քմ մակերեսով տարածք՝ Ադոնց 6/1 54 հասցեում: Սա այն պարագայում, երբ Գյուղատնտեսության նախարարությանը պատկանող Մամիկոնյանց 39Ա հասցեում գտնվող շենքի 6 և 7-րդ հարկերը, 640 քմ մակերեսով, զբաղեցրած է եղել ԳԱՀԿ-ի կողմից: Վերահսկիչ պալատը պարզել է, որ այդ տարածքն այժմ զբաղեցված չէ, և հնարավոր էր օգտագործել որպես հիմնադրամի տարածք: Արդյունքում միայն 2017թ.-ին հնարավոր կլիներ տնտեսել 6 մլն 180 հազար դրամ:
Ուշագրավ մի փաստ էլ՝ հիմնադրամի տնօրեն Գեղամ Գևորգյանն ընդհանուր բաժնային սեփականություն ունի հենց Ադոնց 6/1 հասցեի շենքում:
2018թ. բյուջետային ֆինանսավորման հայտում վարձակալության համար նախատեսված է 5 մլն 500 դրամ: Իսկ 2018թ. համար միայն կենտրոնական գրասենյակի վարձակալության վճարը, ըստ կնքված պայմանագրի, կկազմի 29 մլն 700 հազար դրամ: