Շատ լավ է, որ Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել ընտրություններին. Ալեն Սիմոնյան
«Շատ լավ է, որ Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել ընտրություններին։ Եվ ես քիչ առաջ ծանոթացա մամուլում հրապարակված առաջին հնգյակին։ Շատ դրական եմ գնահատում այդ քաղաքական գործիչների մասնակցությունը երկրի հետագա պետական կառավարմանը ընդդիմության կարգավիճակով։ Չնայած վստահ չեմ, որ իրենք կհայտնվեն Ազգային ժողովում»,– արտահերթ խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության մասնակցության մասին լրագրողի հարցին այսօր այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը։
Մինչ այս մամուլում հրապարակվել էր այն մասին, որ ՀՀԿ-ն որոշել է մասնակցել ընտրություններին, ու տրվել էր նաև նախընտրական ցուցակի սկզբնամասը։ Ցուցակը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, հաջորդում են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը: Հնարավոր է, որ ցուցակում լինի նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Ալեն Սիմոնյանը խոսեց նաև իրենց կադրային քաղաքականության մասին ու այն մասին, որ իրենց նախընտրական ցուցակում կարող են լինել նաև այլ ուժերի ներկայացուցիչներ։ Նա ասաց, որ դա չի կարող ազդեցություն ունենալ իրենց վարկանիշի վրա։ Սիմոնյանը վստահեցրեց՝ նրանք, ովքեր պետք է պատժվեն, կպատժվեն։