Մրցակցության պաշտպանության մարմինը չի պայքարում խոշոր ընկերությունների առկայության դեմ. Արտակ Շաբոյան
Մրցակցության պաշտպանության մարմինը չի պայքարում խոշոր ընկերությունների առկայության դեմ, չի պայքարում գերիշխող դիրք ունեցողների առկայության դեմ: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
«Մեր հիմնական խնդիրը մուտքի խոչընդոտների վերացումն է: Մենք չպետք է թույլ տանք մուտքի խոչընդոտներ: Եթե մուտքի խոչընդոտներ չկան, մրցակցությունն արդար է, այն գինը, որը ձևավորվում է, արդար, հավասար մրցակցության պայմաններում է, ուրեմն ամեն ինչ իր տեղում է,-ասաց Շաբոյանը:
Նրա խոսքով՝ այս պահին գնային չարաշահումների դեպքեր բացահայտված չեն:
Արտակ Շաբոյանի խոսքին հակադարձեց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը:
«Կան մոնոպոլիաներ, պետք է ցույց տաք ուղղությունները, եթե մենք այս ճանապարհով չենք գնում, ապա կարող ենք մի 3 տարի ևս խարխափել, գների թանկացում ունենալ ու ժողովրդի բարկությանն արժանանալ: Չեմ կարծում, որ դուք համաձայն եք, որպեսզի նման սցենարներ լինեն: Այսօր փորձի համար բոլոր լցակայաններից վերցրեք նմուշներ, որևէ մեկը ծծմբին չի համապատասխանում, դա ինձ համար մուտքի խոչընդոտ է»,-ասաց Բագրատյանը:
Շաբոյանն էլ պատասխանեց, որ այս խնդիրն առաջին անգամ է բարձրացվում: Այն իրենց տիրույթից դուրս է:
«Եթե նախկինում բարձրաձայնված լիներ, անկախ ամենի ինչից՝ խնդիրը մեր դաշտում է, թե դրանից դուրս, մենք ամեն դեպքում կուսումնասիրեինք և այդ հարցը կքննարկեինք մեր գործընկերների հետ»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահը: