Հայաստանում հեղափոխության շունչն ամենաշատը էջմիածնեցիներն են զգում. նրանք էին տուժում կոռուպցիոն համակարգից. Փաշինյան
Հայաստանում հեղափոխության շունչն ամենաշատը զգացել են հենց Էջմիածնի բնակիչները:
Այս մասին այսօր Էջմիածնում՝ «Իմ քայլի» քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ ուրախ է էջմիածնեցիներին տեսնել բարձր տրամադրությամբ. «Թերևս ՀՀ-ում հեղափոխության շունչն ամենաշատը հենց Էջմիածնի բնակիչներն են զգում, որովհետև կարծում եմ, որ էջմիածնեցիները կոռուպցիոն համակարգից, օլիգարխական համակարգից ամենաշատն էին տուժում ձեզ հայտնի ժամանակներում: Երբ ասում էին, թե ՀՀ-ում կա բդեշխություն, ամենաշատը դուք էիք դա տեսնում, երբ ասում էին, թե ՀՀ-ում կան ապօրինություններ ու կամայականություններ, ամենաշատը դուք էիք զգում, և ես ուզում եմ այսօր առաջին հերթին շնորհավորել ձեր հաղթանակի կապակցությամբ, որովհետև հաղթանակը ձերն է, հաղթողը դուք եք, հեղափոխությունը դուք եք արել»:
Փաշինյանն ասաց, որ հոկտեմբերի 21-ին ևս մեկ մարտահրավերի առաջ են կանգնած և դիմելով Էջմիածնի ընտրողներին՝ նշեց, որ առաջիկա կիրակին նրանց առաջ դրված է լինելու ևս մեկ հեղափոխություն անելու հնարավորություն:
«Այդ հեղափոխությունը պակաս կարևոր չէ, քան այն հեղափոխությունը, որ արդեն տեղի է ունեցել: Ես չգիտեմ՝ այդ վիճակագրությանը տեղյակ եք, թե չէ, բայց երրորդ հանրապետության պատմության ընթացքում ՀՀ-ն չի ունեցել ոչ մի կին քաղաքապետ, և ահա ձեր առաջ է, իրականացրեք ևս մեկ աննախադեպ հեղափոխություն, և Դիանա Գասպարյանին պետք է ընտրեք 3-րդ հանրապետության առաջին կին քաղաքապետ»,-ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ ինքը չի թերագնահատում ոչ մի թեկնածուի, բայց կին քաղաքապետ ընտրելը չափազանց կարևոր հեղափոխություն է, որը կոչ է անում անպայման իրականացնել:
«1996-ից ՀՀ-ում անընդհատ փորձ էր արվում անել ժողովրդավարական հեղափոխություն, և անընդհատ դա չէր ստացվում տարբեր պատճառներով, բայց ես ամենուր ասում եմ՝ որոնք էին այն վճռական գործոնները, որոնք հնարավոր դարձրին հեղափոխությունը 2018-ին, այդ գործոններից մեկը կանանց մասնակցությունն էր»,-ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Էջմիածնում մեկնարկեց քայլերթ: