Նիկոլ Փաշինյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին ներկայացրեց նախարարի պաշտոնակատարին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին ներկայացրեց նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին:
«Ես կարծում եմ, որ մենք պետք է մտածենք ոչ միայն մարզական նվաճումների մասին, այլև արձանագրենք, որ մարզական նվաճումներն առավել հավանական են դառնում այն ժամանակ, երբ որքան հնարավոր է մեծ թվով մարդիկ են զբաղվում սպորտով: Այնպես որ սա իսկապես ռազմավարական ուղղություն է: Մենք գիտենք, որ հնարավորությունների սահմանափակում ունենք, սակայն ընթացիկ ժամանակաշրջանի առանցքային քաղաքական իմաստն այն է, որ մենք ընդլայնենք մեր երկրի ժողովրդի համար սահմանները:
Ես ձեզ հաջողություն եմ մաղթում, այս ծրագրի իրագործման ճանապարհին: Հույս ունեմ, որ մեր կառավարութան գործունեությունը կնպաստի առողջ ապրելակերպի խթանմանը, ֆիզկուլտուրայի և սպորտի հանրահռչակմանը, երիտասարդության ակտիվ մասնակցությանը քաղաքական, հանրային, մշակութային, մարզական կյանքին: Երիտասարդությունը մեր ազգային պոտենցիալի ամենակարևոր կրողն է և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ պոտենցիալն իրացվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Գաբրիել Ղազարյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ բազմաթիվ նոր ծրագրեր կան իրականացնելու:
«Իրականում առաջին տարին չենք աշխատում այս կոլեկտիվի հետ: Մենք միասին ունենք նորանոր ծրագրեր: Այն խնդիրերը, որոնք դուք բարձրացրեցիք, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Պարոն վարչապետ, ակնկալում ենք ձեր աջակցությունը»,-ասաց Գաբրիել Ղազարյանը: