Ծառայելու եմ ժողովրդին. Սևակ Միքայելյան
Սույն թվականի հոկտեմբերի 21-ին Հրազդան քաղաքում տեղի են ունենալու քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Ընտրություններին մասնակցում է երկու թեկնածու՝ անկուսակցական Լևոն Ստեփանյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելայնի որդին՝ Սևակ Միքայելյանը:
Քաղաքապետի 25-ամյա թեկնածուն արդեն հասցրել է լինել Հրազդանի բոլոր թաղամասերում. «Ամեն օր 8-10 կմ քայլում ենք, հանդիպում քաղաքացիներին, խոսում, զրուցում: Ամեն ինչ լավ է, քարոզարշավն իր հունով ընթանում է: Բոլոր տեղերում էլ մեր քարոզարշավն ակտիվ է, ու ժողովուրդը մեզ լավ, ակտիվ ձևով ընդունում է: Տեսանյութերն էլ կան, կարող եք նայել: Եղել ենք բոլոր թաղամասերում՝ Վանատուրոմ, Ջրառատում, Կոճոռում, Կաքավաձորում, Աղբյուրակում, Կենտրոնում և այլն»,-«Հայկական ժամանակ»-ին հայտնեց Սևակ Միքայելյանը:
Վերջինս ասաց, որ հրազնդանցիներին ամենատարբեր հարցեր են մտահոգում, տարբեր ոլորտներից, որովհետև Հրազդանում վիճաը ծայրահեղ ծանր է: Միքայելյանն առանձնացնում է վերելակների խնդիրը, տանիքների, ճանապարհների, խաղահրապարակների, տրանսպորտի խնդիրները և այլն. «Ամեն ինչ խնդիր է Հրազդանում, քայլում ես՝ խնդիր է: Չկա մի թաղամաս, որ խնդիր չունենա»:
Սևակ Միքայելյանն ասաց, որ ինքը ծանոթ է Հրազդանի բոլոր խնդիրներին, բայց իր ընտրվելու դեպքում առաջնահերթ խնդիրը, որը լուծելու է, մանկապարտեզների հարցն է. «Հրազդանում կա 12 մանկապարտեզ, որոնցից երեքն է ջեռուցվում, ծնողներից փող են հավաքում, որպեսզի վառելիքի հարցը լուծեն, ու դա շատ-շատ վատ է: Ես գտնում եմ, որ դա է առաջնայինը, դիմացը ձմեռ է, պետք է այդ հարցը լուծել, որ երեխաները չմրսեն: Ինչպե՞ս կարելի է գնալ տանը հանգիստ տաք քնել, իսկ երեխաները այնտեղ մրսեն, կամ ինչպես կարելի է ծնողներից վառելիքի փող հավաքել»,-ասաց քաղաքապետի թեկնածուն:
Ինչ վերաբերում է տրանսպորի խնդրին՝ Սևակ Միքայելյանն ասաց, որ մոտ ժամանակներս պետք է երթուղիների մրցույթ անցկացվի, և, իր տեղեկություններով, Հրազդանի տրանսպորտային համակարգը կփոխվի՝ անկախ իր ընտրվելուց:
Սևակ Միքայելյանը մեր զրույցում ասաց, որ ինքն առաջադրվելու որոշում է կայացրել, որովհետև մտահոգ է իր քաղաքի խնդիրերով և ուզում է նորովի կառուցել այն. «Սիրտս ցավում է, սրտացավ մարդ եմ, ու ես միշտ եղել եմ քաղաքականության մեջ: Միշտ եղել եմ ժողովրդի կողքին: Սրանք խոսքեր չեն, սա իրականություն է: Դրա համար էլ մտահոգ եմ, ու իմ գերխնդիրը ոչ թե քաղաքապետ դառնալն է, այլ քաղաքը կառուցելն է, քաղաքը տեսքի բերելն է: »,-ասաց նա:
Քաղաքապետի թեկնածուն ժողովրդի գնահատականին է թողնում այն հարցը, թե արդյոք քարոզարշավի համար երկու թեկնածուների միջև հավասար պայմաններ են ստեղծված. «Ժողովուրդը տեսնում է թե՛ իմ, թե՛ մյուս թեկնածուի քարոզարշավը: Թող ժողովուրդը գնահատի»,-ասաց Միքայելյանը՝ հավելելով, որ իր և Լևոն Ստեփանյանի միջև նորմալ հարաբերություններ են, և ինքը ցանկացած դեպքում պատրաստ է համագործակցել Ստեփանյանի հետ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում