Նոր Հայաստանում «երկրորդ շանս» պետք է ունենան բոլորը. Արարատ Միրզոյանը՝ Հունան Պողոսյանի նշանակման մասին
Նոր Հայաստանում «երկրորդ շանս» պետք է ունենան բոլորը: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը՝ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին, ինչից հետո հանրային դժգոհություն եղավ:
«Նոր Հայաստանում պիտի հնարավորություն ունենան բոլորը, անշուշտ խոսքը չի գնում նրանց մասին, որոնք մարդ են սպանել, բայց մեծ հաշվով երկրորդ շանս պետք է ունենան բոլորը»,-ասաց Միրզոյանը:
Առաջին փոխվարչապետի վստահեցմամբ՝ իրենք պատրաստ են աշխատել բոլորի հետ, ովքեր կընդունեն խաղի կանոնները. «Մեր ձեռքը մեկնած է, օդում է, և բոլոր նրանք, ովքեր ուզում են նոր խաղի կանոններով աշխատել, նրանք պիտի այդ հնարավորությունն ունենան. տվյալ դեպքում կառավարությունը, վարչապետը նպատակահարմար են գտել աշխատել Հունան Պողոսյանի հետ: Չենք կարող չէ ընտրել օրինակ 10 հազար մարդու՝ նախկին պաշտոնյաների, բիզնեսմենների թիկնապահներին, ընտանիքներին և վտարել Հայաստանից, սա ճիշտ չէ չէ՞»,-ասաց Միրզոյանը:
Դիտարկմանը, որ միգուցե կառավարությունը կադրային քաղց ունի, և դա է պատճառը, որ նախկին պաշտոնյաներն են պաշտոն ստանձնում, Միրզոյանը չհամաձայնեց՝ վստահեցնելով, որ կադրային քաղց չկա. «Կա փորձ՝ լինել ավելի ներառական»,-ասաց նա: