4-րդ ուժը կկարողանա անցնել ԱԺ, եթե հավաքի առնվազն 2 տոկոս քվե. Միրզոյանը և «Ծառուկյան» խմբակցությունը փոխզիջման են եկել
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցով հանդիպման ընթացքում որոշակի փոխզիջման են եկել, հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետը։
«Մենք քննարկեցինք և ունենք որոշակի փոխզիջումային լուծում։ Դա հետևյալն է՝ 4-րդ ուժը կկարողանա անցնել ԱԺ, եթե հավաքի առնվազն 2 տոկոս քվե։ Բայց սա պետք է շարունակենք քննարկել մյուս խմբակցությունների հետ ևս», - ասաց փոխվարչապետը։
Նա նշեց՝ պատմությանը հայտնի են դեպքեր, երբ մեկ կամ երկու պատգամավորով էլ է հնարավոր եղել էականորեն փոխել քաղաքական իրավիճակը։
Արարատ Միրզոյանի խոսքով՝ առաջիկայում այս և մի շարք այլ հարցերով հանդիպում կլինի նաև ՀՀԿ խմբակցության հետ։