Հունան Պողոսյանի նշանակման դեմ բողոքող սյունեցիները բացել են միջպետական ճանապարհը. Ոստիկանություն
Սյունիքի մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի նշանակման դեմ բողոքող քաղաքացիները բացել են մարզի միջպետական ճանապարհը: Այս մասին հայտնեցին Ոստիկանության լրատվության և ԶԼՄ-ների հետ կապի բաժնից:
«Ոստիկանության աշխատակիցների բացատրական աշխատանքներից հետո ճանապարհը բացվել է, և երթևեկությունը վերականգնվել է»,- ասացին ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ քաղաքացիները Սյունիքում միջպետական ճանապարհ էին փակել՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Սյունիքի մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանին նշանակելու կապակցությամբ:
Կառավարության այսօրվա նիստում Հունան Պողոսյանը նշանակվել էր Սյունիքի մարզպետ։ ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հրաժարական էր ներկայացրել մայիսի 11-ին։ Մայիսի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Հունան Պողոսյանն ազատվել է ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից: