Ես ֆուտբոլից չեմ հասկանում այնպես, ինչպես գլխավոր մարզիչը. ՀՖՖ նախագահը
ՀՖՖ նորընտիր նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ ֆուտբոլից չի հասկանում այնպես, ինչպես գլխավոր մարզիչը կամ պրոֆեսիոնալ ֆուտբոլային մասնագետները։
«Գիտե՞ք ինչ, ֆուտբոլից հասկանալը... եթե վերցնենք, որ ես ասենք՝ գլխավոր մարզիչի կամ պրոֆեսիոնալ ֆուտբոլային մասնագետների պես հասկանում եմ, իհարկե, չեմ հասկանում։ Ես դա չեմ թաքցնում, ես ասում եմ, որ չեմ հասկանում նման խորացված»,- ասաց նա։
Լրագրողների դիտարկմանը՝ այդ դեպքում ինչպե՞ս է մշակում ֆուտբոլային քաղաքականությունը, ՀՖՖ նախագահը պատասխանեց.
«Ուրեմն, ֆեդերացիայի նախագահի գործը եւ, առհասարակ, ֆեդերացիայի գործը հավաքականի խաղերով չի գնահատվում։ Ֆեդերացիայի նախագահը, ֆեդերացիայի գործկոմը եւ, առհասարակ, ֆեդերացիան զբաղվում են ֆուտբոլի զարգացմամբ, ֆուտբոլի մասսայականացմամբ, ֆուտբոլի կազմակերպչական հարցերով, ենթակառուցվածքների ստեղծման հարցերով, բժշկական ծառայությունների մատուցման եւ այլն, եւ այլն»,- ասաց Արթուր Վանեցյանը: