10 օր առաջվա դրությամբ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային փոխանցվել են բոլոր կուտակային կենսաթոշակային հատկացումները. ՊԵԿ նախագահ
10 օր առաջվա դրությամբ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային փոխանցվել են բոլոր կուտակային կենսաթոշակային հատկացումները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Դիտարկմանը, որ Կուտակային կենսաթոշակային հատկացումների հետ կապված պետությունը երկու ամիս ուշացումով է փոխանցել գումարները, որի հետեւանքով քաղաքացիները վնասներ են կրել, արդյոք փոխհատուցվելու են այդ վնասները, Դավիթ Անանյանը արձագանքեց. «Բոլոր գումարները փոխանցվել են, հուլիսի 1-ից քաղաքացիների կողմից կուտակային կենսաթոշակային համակարգին հատկացվող 5 տոկոսը դարձավ 2,5 տոկոս: Երբ իջնում է 2,5 տոկոս եւ ավտոմատ համակարգերը թարմացման կարիք ունեն, դրա հետ կապված ինչ-որ X ժամանակահատված է պետք, որ համակարգերը արդիականացվեն: Դրա համար մեզնից պահանջվել է 1,5 ամիս ժամանակ: Տեխնիկական խնդիրները կարգավորելուց, ծրագրային խնդիրները հաղթահարելուց հետո բոլոր գումարները 10 օր առաջվա դրությամբ փոխանցված են հաշիվներին»:
Հիշեցմանը, որ Սահմանադրական դատարանը որոշում ունի, որ որեւէ կերպ քաղաքացիների վրա չպետք է անդրադառնան տեխնիկական խնդիրները, ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Դե թող ՍԴ-ն էլ գար այդ տեխնիկական խնդիրները լուծեր: Եթե քաղաքացին ուզում է իր սահմանադրական իրավունքներից օգտվել, այդ դեպքում օրենքի փոփոխություններից հետո որոշակի խելամիտ ժամկետ է պահանջվում, որպեսզի համակարգն արդիականացվեր: Եթե դա մենք արել ենք զարթոնքային իրավիճակում, շատ արագ, հնարավո՞ր է նաեւ հուլիսի 1-ից անել մի բան, որը չգիտեինք՝ հուլիսի 1-ից հետո լինելու է, թե ոչ»:
Դավիթ Անանյանը պնդեց, որ իրենց գործունեության արդյունքում քաղաքացիները չեն տուժել. «Վնաս չենք պատճառել, կարծում եմ՝ այդ 5 տոկոսից 2,5 տոկոս նվազեցնելն արդեն բավականին մեծ օգուտ է քաղաքացիներին»: