2 անձ է ձերբակալվել սահմանային ռեժիմը խախտելու համար. ԱԱԾ
Հայ-վրացական սահմանի՝ Լոռու մարզի Ճոճկան գյուղի տեղամասում, հոկտեմբերի 12–ին պետական սահմանի պահպանություն իրականացնող սահմանապահ վերակարգի կողմից առանց համապատասխան թույլտվության սահմանային շերտ մուտք գործելու եւ սահմանային ռեժիմը խախտելու համար ձերբակալվել են Ալավերդի քաղաքի բնակիչ Ա.Ս-ն (ծնված 1982թ.) եւ Երեւան քաղաքի բնակիչ Ա.Մ-ն (ծնված 1964թ.), ովքեր տվյալ տարածքում զբաղվել են որսորդությամբ: Վերջիններիս մոտ հայտնաբերվել են օրինական գրանցված որսորդական ողորկափող հրացաններ:
ԱԱԾ–ից հայտնում են, որ համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները Ա.Ս-ին եւ Ա.Մ-ին հանձնել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի աշխատակիցներին՝ հետագա քննության, անօրինական գործունեության հանգամանքները պարզաբանելու նպատակով:
Հարկ է նշել, որ նմանատիպ դեպք վերջերս արձանագրվել է նաեւ ՀՀ պետական սահմանի հարավային հատվածում: Ս.թ. սեպտեմբերի 18-ին, հայ-իրանական սահմանի տեղամասում՝ Մեղրի-Հորադիզ ավտոճանապարհին, սահմանապահ զորքերի զինծառայողները ձերբակալել են սահմանային շերտ անօրինական մուտք գործած 5 անձանց՝ զինված երկփողանի ողորկափող որսորդական հրացաններով, որոնցից 2-ը եղել են ապօրինի:
Վերջիններիս պատկանող տրանսպորտային միջոցի զննությամբ հայտնաբերվել են 12 տրամաչափի 20 հատ եւ 16 տրամաչափի 78 հատ փամփուշտներ, 5 փասիան եւ 15 կաքավ տեսակի թռչուններ: Կազմվել են համապատասխան արձանագրություններ, որից հետո վերոնշյալ 5 անձինք եւ նրանց մոտ հայտնաբերված իրերը փոխանցվել են ԱՀ ոստիկանության Հադրութի բաժնի աշխատակիցներին՝ հետագա քննության, քաղաքացիների անօրինական գործունեության հանգամանքները պարզելու եւ օրենքով սահմանված կարգով իրավական ընթացք տալու նպատակով: