ԿԳ նախարարը մեկնել է Փարիզ, որտեղ կմասնակցի Թումո կենտրոնի մասնաճյուղի բացմանը
2018 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ, որտեղ կմասնակցի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացման արարողությանը: ԿԳՆ-ից հայտնում են, որ Փարիզում նախարարը կհանդիպի նաեւ Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության եւ նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ. նախատեսվում է քննարկել «Հորիզոն-2020» ծրագրի մասնակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության հետ ծրագրերի իրականացումը:
ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լուսավորության նախարար Մարկո Թուլների հրավերով 2018 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում եւ կմասնակցի Հալլե քաղաքի Մարտին-Լյութերի անվան համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի հիմնադրման քսանամյակին նվիրված միջոցառմանը:
Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Գերմանիայի կրթության եւ հետազոտության դաշնային նախարարի պետքարտուղարի, Բունդեսթագի կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահի եւ Բեռլինի Հումբոլդթի անվան համալսարանի ռեկտորի հետ:
Վերջինիս հետ հանդիպումը կարեւորվում է Բեռլինի պետական գրադարանի, Բեռլինի Հումբոլդթի անվան եւ Հալլեի Մարտին-Լյութերի անվան համալսարանների կողմից 2019թ. համատեղ կազմակերպվող եւ Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովի համատեքստում։
Նախատեսվում է նաեւ հանդիպումներ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի էկոնոմիկայի, գիտության եւ թվայնացման նախարար պրոֆեսոր Արմին Վիլլինգսմանի եւ նույն երկրամասի լուսավորության նախարար Մարկո Թուլների հետ: