Ընտրական օրենսգրքի բոլոր փոփոխությունները պարզեցման ուղղությամբ են
Առաջարկվող Ընտրական օրենսգրքի բոլոր փոփոխությունները արված են պարզեցման ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կառավարության նիստում Ընտրական օրենսգրքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա մասնավորապես նշեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումների ընթացքում շատ է խոսվում այն մասին, որ ընտրական օրենսգիրքը ընդունելուց հետո որոշակի ժամանակ է պետք, որ հանրությունը եւ քաղաքական ուժերը ծանոթանան դրա նրբություններին. «Բայց ես ուզում եմ ընդգծել, որ այս ընտրական օրենսգրքի բոլոր փոփոխությունները արված են պարզեցման ուղղությամբ:
Շատ կարեւոր է, որ մենք այսօրվանից բարձրաձայնենք, թե ինչ քվեարկություն ենք մենք նախատեսում: Ըստ էության տեղի է ունենալու քվեարկություն առանց գրիչի: Այսինքն նախկինի պես յուրաքանչյուր քաղաքական ուժ ունենալու է իր քվեաթերթիկը, ընդ որում, դրանք հատուկ հաշվառման փաստաթղթեր չեն լինելու: Քաղաքացիների համար քվեարկությունը նման է 2017-ի ընտրություններին, բայց ավելի պարզեցված կարգով: Եթե նախկինում ընտրողը վերցնում էր քվեաթերթիկը եւ պետք է նշան կատարեր, կարող էր նաեւ առանց նշան կատարելու քվեարկել, հիմա գրիչ ընդհանրապես հարկավոր չէ: Վերանում է տարբեր գույնի գրիչների պատմությունը: Քաղաքացին քվեաթերթիկը դնում է ծրարի մեջ առանց որեւէ նշում կատարելու»,-հայտարարեց Փաշինյանը:
Իր հերթին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ իրենք ընտրական օրենսգրքի փոփոխությունները քննարկելիս խնդիրները բաժանել են երկու մասի՝ առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրներ եւ ավելի երկարաժամկետ լուծումներ պահանջող հարցեր. «Մենք գնացել ենք առաջնահերթ լուծման անհրաժեշություն ունեցող հարցերի լուծման ճանապարհով, ենթադրում ենք, որ շարունակելու ենք աշխատանքը արդեն խորհրդարանական ընտրություններից հետո»: