Վարչապետը նիստի ընթացքում բացատրեց, թե ինչու է Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 16–ին, Կառավարության նիստում բացատրեց, թե ինչու է Սյունիքի մարզպետ նշանակել ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին։
Փաշինյանը հիշեցրեց, որ Պողոսյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանության պետի առաջին տեղակալ նախորդ կառավարության կամ նախորդ իշխանության ժամանակ։
«Ես կարծում եմ՝ որոշ իմաստով այս առաջարկը կարող է տարօրինակ թվալ։ Երեւանի քաղաքապետի երդմնակալության օրն իմ ելույթում ես ասացի հետհեղափոխական ժամանակների մեր պատկերացրած տրամաբանությունը, եւ ասացի, որ մեզ համար ամենակարեւորն է ավարտված համարել ՀՀ–ում ոչ բռնի թավշյա հեղափոխությունը եւ մեր ժողովրդի ներուժը ներգրավվել Հայաստանի զարգացման հետագա գործում։ Ես կարեւոր եմ համարում, որ հեղափոխության արդյունքում որեւէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի Հայաստանում եւ մենք չպետք է թույլ տանք, որ զարգանա այսպիսի մի երեւույթ՝ քաղաքական ռասիզմ»,– ասաց նա։
Վարչապետի խոսքով, սա չի նշանակում, որ իրենք փակում են կադրային փոփոխությունների, օպտիմալացման փուլը։
«Այսօր էլ մեր կառավարման համակարգը, ըստ էության, 90 տոկոսով մնացել է նույնը: Ես ուղիղ եմ ուզում ասել, որ այդ 90 տոկոսի մեջ կա մեծ տոկոս, որ ցանկություն չունի աշխատելու, նաև այնպես անելու, որ ուրիշները չկարողանան աշխատել, բայց ակնհայտորեն կան որոշակի սաբոտաժին նմանվող հնարավորություններ տվող երեւույթներ», - ասաց նա: