ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Տավուշի և Գեղարքունիքի զորամասեր
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երկօրյա չհայտարարված այց են իրականացրել Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում տեղակայված զորամասեր՝ Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումն ապահովելու, ինչպես նաեւ զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով:
Այցերի ընթացքում ուսումնասիրվել է տրամադրվող բուժօգնության որակը, առանձնազրույցներ են տեղի ունեցել զինծառայողների հետ, սպայական եւ շարքային կազմի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց հուզող խնդիրները:
Արձանագրված խնդիրները քննարկվել են զորամասերի հրամանատարների հետ, այցի արդյունքների ամփոփումից հետո համապատասխան գրություններ կհասցեագրվեն Պաշտպանության նախարարություն:
Նախորդ այցերի ժամանակ արձանագրված եւ Պաշտպանի կողմից բարձրացված առանձին խնդիրներ կապված բժշկական օգնության տրամադրման հետ ստացել են դրական լուծում։