Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց
Ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ խոշոր չափի յուրացում կատարելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգվել է։ Այսօր՝ հոկտեմբերի 15–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունն ու երկարաձգել Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը։
Բացի այդ դատարանը մերժել է Գրիգորյանի պաշտպանների՝ նրա խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը։
Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը հայտարարել է, որ Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելով ոչ միայն նրա նկատմամբ խոշտանգում է իրականացվում, այլեւ նրան պահում են պատանդի կարգավիճակով։
Փաստաբանը տեղեկացրել, որ առաջիկա օրերին հանդես կգան մամուլի ասուլիսով եւ կանդրադառնան Գրիգորյանի անազատության մեջ պահելու դատարանի որոշմանը։