«Միայնակ գայլին» հուղարկավորեցին զինվորական կարգով՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում (տեսանյութ)
Ազատամարտիկ, «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին՝ «Միայնակ գայլին» հոկտեմբերի 14-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորեցին զինվորական կարգով։
Հուղարկավորությանը մասնակցող թափորը Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց ոտքով է հասել «Եռաբլուր»։
Արայիկ Խանդոյանի հուղարկավորությանը ներկա էին հարազատներ, մարտական ընկերներ, «Սասնա ծռերի» անդամներ և ուղղակի քաղաքացիներ։
Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը պարգևատրվել էր Արցախի և ՀՀ-ի «Արիության» մեդալներով, «Մարտական ծառայության» պարգևւով, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլ շքանշաններով, որոնցից, ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության, հրաժարվել էր: «Միայնակ Գայլ» Խանդոյանը կալանավորվել էր 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գունդ գրավելու, պատանդ պահելու և զենք-զինամթերք օգտագործելու մեղադրանքով։ 2018 թ. օգոստոսի 18–ին դատարանի որոշմամբ փոխվել էր Խանդոյանի խափանման միջոց կալանավորումը. նա ազատ էր արձակվել պատգամավորների անձնական երաշխավորությամբ։