Նիկոլ Փաշինյանի հետ այսօր շատ արդյունավետ հանդիպումներ են տեղի ունենում Երևանում. Ջասթին Թրյուդո
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Facebook-ի իր էջում կատարած գրառումներով անդրադարձել է անցնող շաբաթ Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջոցառումներին և Հայաստան կատարած պաշտոնական այցի դրվագներին, հայտնում է «Արմենպրես»-ը։
«Այս շաբաթ Հայաստանում մենք համագործակցում էինք Ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկերների և ընկերների հետ՝ ժողովրդավարության, բազմազանության, գենդերային հավասարության և աճի խթանման ուղղությամբ՝ բոլորի համար: Վերադառնում ենք տուն»,- նշել է Ջասթին Թրյուդոն:
Մեկ այլ գրառմամբ Կանադայի վարչապետն անդրադարձել է Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությանը՝ շեշտելով.
«Այսօր Երևանում մենք հիշեցինք Հայոց ցեղասպանության զոհերին: Մենք երբեք չենք մոռանա նրանց»: Նա անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներն. «Նիկոլ Փաշինյանի հետ այսօր շատ արդյունավետ հանդիպումներ են տեղի ունենում Երևանում»: